Brexit-ի վերաբերյալ կրկնակի հանրաքվե անցկացնելու խնդրագիրը 1.5 մլն ստորագրություն է հավաքել
Մեծ Բրիտանիայի շուրջ 1.5 մլն բնակիչ հունիսի 25-ին ստորագրել են ԵՄ կազմից դուրս գալու հարցի շուրջ կրկնակի հանրաքվե անցկացնելու մասին խնդրագիրը:
Այս մասին հայտնում է DW.com-ը` հավելելով նաև, որ խորհրդարանի կողմից խնդրագրի դիտարկման համար բավական է 100 000 ստորագրություն հավաքել:
Խնդրագրում նշվում է, որ նոր հանրաքվեի անցկացման պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ հունիսի 23-ին հանրաքվեին իրենց կամքը հայտնողների հայտը չի գերազանցել 75 տոկոսը, իսկ «հաղթած» որոշման օգտին քվեարկողների թիվը հանրաքվեի մասնակիցների 60 տոկոսից քիչ է կազմել:
Հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել էր 46.5 մլն բրիտանացի, սակայն ընտրատեղամաս էր եկել 33.5 մլն-ը:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվում էր` Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու հակառակորդներն իրենց պահանջը ներկայացրել էին Միացյալ Թագավորության խորհրդարանի կայքում տեղադրված խնդրագրում:










